16 փետրվարի 2009 - 19:14 AMT
2009թ. Հայաստանում սպասվում է հարկերի բարձրացում ապահովագրական ծառայությունների համար
Զարգացող ապահովագրային շուկայի պայմաններում Հայաստանում ապահովագրային ծառայությունները աճելու են: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության տնօրեն Լեւոն Ալթունյանը: Նա պարզաբանել է, որ զարգացող շուկայի պայմաններում ամեն տարի բարձրանում է մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաեւ ապահովագրողների որակավորումը, ինչը հանգեցնում է հարկերի որոշակի աճին ինչպես ապահովագրական ծառայությունների, այնպես էլ վերաապահովագրման համար:

Գնահատելով ապահովագրման հայկական շուկայի վիճակը` Ալթունյանը նկատել է, որ միջին հաշվով շուկայի ծավալները աճում են 20%-ով: «Եթե, օրինակ, «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության բաժինը ապահովագրական շուկայում զբաղեցնում է 25-27%, ապա այսօր կարելի է խոսել մոտավորապես 8-10 մլրդ. դրամին համարժեք ծավալների մասին»,- նկատել է նա` ավելացնելով, որ ապահովագրողները ծավալների զգալի աճ են կանխատեսում: «Կապված այն բանի հետ, որ ԿԲ մշակել է «Պարտադիր ապահովագրման մասին» օրենք, 1-2 տարվա ընթացքում ապահովագրական շուկան կաճի 50%-ով»,- ավելացրել է Ալթունյանը: Այդ կապակցությամբ սուր անհրաժեշտություն է առաջանում կատարելագործելու անվտանգության ծառայությունը, որը հետաքննելու է կեղծ ապահովագրական գործարքներն ու պայմանավորվածությունները: