2 հոկտեմբերի 2020 - 18:55 AMT
Փաշինյանի հետ զրույցում Պուտինը կարևորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը

Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, որի ընթացքում կողմերը շարունակել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի քննարկումը և խորը մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:

Ռուսական կողմը կարևորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը և խաղաղ գործընթացի վերսկսումը՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարության:

Զրուցակիցները նաև մտահոգություն են հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից օտարերկրյա գրոհայինների և անօրինական ռազմական խմբավորումների մասնակցության կապակցությամբ:

ՀՀ վարչապետը վերստին ուշադրություն է հրավիրել Թուրքիայի խիստ ապակայունացնող վարքագծի և ռազմական գործողություններին միջամտելու հանգամանքի վրա:

Ձեռք է բերվել շփումները շարունակելու պայմանավորվածություն:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։