2 հոկտեմբերի 2020 - 18:56 AMT
Փաշինյան․ ՆԱՏՕ-ն պետք է բացատրի՝ ինչու են թուրքական F-16-ները գնդակոծում ԼՂ-ն

Թուրքիայի զինված ուժերն անմիջականորեն մասնակցում են Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին և Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները պետք է բացատրեն, թե ինչու են F-16 ինքնաթիռները գնդակոծում Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերըՙ սպանելով խաղաղ բնակչությանը։

Այդ մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է կանադական հեղինակավոր The Globe and Mail պարբերականին։

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ իր կառավարությունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի հետ և հավելել, որ Թուրքիայի պահվածքը խնդիրներ է ստեղծում ամբողջ միջազգային հանրության համար, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը հավելել է նաև, որ ողջունում է հրադադարի կոչը և դատապարտում է Թուրքիայի կողմից դրա մերժումը:

«Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո: Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը հիմա առաջարկել անպաշտպան թողնել Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությանը ահաբեկիչներին և ծայրահեղականներին դեմ հանդիմանելիս: Հրադադար կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան հեռացվի Հարավային Կովկասից»:

«Անցել է հարյուր տարի, և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։