2 հոկտեմբերի 2020 - 19:25 AMT
ԵՄ առաջնորդները՝ ԼՂ խնդրի մասին․ Չի կարող լինել ռազմական լուծում կամ արտաքին միջամտություն

Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մասնակիցներին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, ինչպես նաև նախազգուշացրել է հակամարտությանն արտաքին միջամտությունից մասին, փոխանցում է «Այսօրը»:

«Եվրոպական խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կողմերին հորդորում վերահաստատել իրենց նվիրվածությունը կայուն հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-նշվում է հայտարարության մեջ։

ԵՄ առաջնորդներն անընդունելի են համարել խաղաղ բնակիչների մահերը։

«Հակամարտությանը չի կարող լինել ռազմական լուծում կամ որևէ արտաքին միջամտություն: Ադրբեջանը և Հայաստանը պետք է սկսեն առարկայական բանակցություններ առանց նախապայմանների», - ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵՄ դիվանագիտության ղեկավարին կոչ արել ուսումնասիրել խաղաղ գործընթացում ԵՄ հետագա աջակցության հարցը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։