2 հոկտեմբերի 2020 - 23:39 AMT
Արցախի ՄԻՊ․ Ստեփանակերտում, նախնական, 4 վիրավոր ու 1 զոհ կա

Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի ուղղությամբ արձակված 3 հրթիռի պատճառով քաղաքը վնասներ է կրել, կա նաև 4 վիրավոր ու, նախնական տվյալով, մեկ զոհ, զոհի թեմայով մանրամասներ կլինեն հոկտեմբերի 3-ին, հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Նա հայտնել է, որ տվյալները ճշտման փուլում են, իսկ 2 շենք խիստ վնասվել է։

Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտն առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել։ Կեսօրին Ադրբեջանը նպատակային կերպով է թիրախավորել մարդասիրական նշանակություն ունեցող մարմին՝ արտակարգ իրավիճակների ծառայությունը, դրա արդյունքում, նախնական տվյալով, 7 վիրավոր կա քաղաքացիական բնակչության ու ծառայություն իրականացնողների շրջանում, մի մասի վիճակը ծանր է։

Բեգլարյանը նշել է, որ այդ կառույցին ուղղված հարվածը պատերազմական հանցագործություն է, և կարևոր է, որ միջազգային հանրությունը պատշաճ արձագանք ու միջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ։

Բեգլարյանի խոսքով՝ հակառակ դեպքում Արցախում տեղի ունեցող հումանիտար աղետները նաև միջազգային հանրության պատասխանատվության տակ կլինեն։

Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ հոկտեմբերի 2-ին նաև լրագրողների ավտոբուսն է թիրախավորվել։ Բեգլարյանի կարծիքով՝ կասկած կա, թե ադրբեջանական կողմը թիրախավորում է լրագրողներին ու մասնավորապես օտարերկրյա լրագրողների, որպեսզի նրանք հեռանան տարածաշրջանից ու չկարողանան ներկայացնել իրենց պատերազմական հանցագործությունները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։