3 հոկտեմբերի 2020 - 08:34 AMT
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնում է առաջնագիծ՝ իր բաժին մարտը մղելու

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնում է առաջնագիծ՝ իր բաժին մարտը մղելու։ Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են ծանր մարտեր:Հրետակոծության են ենթարկվել քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ազգն ու Հայրենիքը վտանգված են. վտանգված է մեր քաջ հայորդիների արյան գնով ազատագրված սեփական հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կերպով ապրելու և արարելու իրավունքը:

Ուստի, հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում»,-ասվում է գրառման մեջ:

Նա կոչ է արել բոլորի՝ անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու անքակտելի իրավունքը:

«Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով։ Այժմ կրկին ժամն է ազգովի դառնալու մի կուռ ու հուժկու բանակ, մի ոգեղեն հայրենական պարիսպ, որին կբախվեն բոլոր օտար մրրիկներն ու ետ կշպրտվեն գլխակորույս կերպով: Սա մեր վերջին մարտն է, որը մենք անպայման միասին հաղթելու ենք: Ձեզ հետ եմ մինչև Հաղթանակ։ Ի զե՛ն: Պատիվ ունենք»:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։