3 հոկտեմբերի 2020 - 13:20 AMT
Արցախի ԱԳՆ․ ԱՀ միջազգային ճանաչումը խաղաղության վերականգնման միակ գործող մեխանիզմն է

Արցախի արտաքին գործերի նախարարությունից միջազգային հանրությանը կոչ են անում ճանաչել իրենց անկախությունը՝ քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։

«Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է»,- նշվում է հայտարարության մեջ։

Արցախի ԱԳՆ-ն նաև ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և, ընդհանրապես, միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի անհապաղ դադարեցմանը և լարվածության նվազմանը։

ԱԳՆ-ից միևնույն ժամանակ նշում են, որ «միջազգային հանրության բոլոր պահանջները և կոչերը լկիտիաբար մերժվում են Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկչական կազմակերպությունների եռյակ դաշինքի կողմից»։

Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումն Արցախի Հանրապետության վրա ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների լուրջ խախտումներով։ Ադրբեջանա-թուրքական զինված կազմավորումները միտումնավոր գնդակոծում են Արցախի քաղաքները, գյուղերը և քաղաքացիական օբյեկտները՝ խաղաղ բնակչության ահաբեկման և ոչնչացման նպատակով։ Նրանց հանցավոր գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։