4 հոկտեմբերի 2020 - 12:12 AMT
Արցախի ՄԻՊ․ Բաքվի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը ռազմական հանցագործություն է

Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը ռազմական հանցագործություն է։ Այդ մասին հայտարարել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 3-ից ծանր հրթիռային ու ավիացիոն միջոցներով կանոնավոր ու հատուկ թիրախավորում են Ստեփանակերտի հիմնական քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանցավոր նպատակ ունենալով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներին զրկել կենսագործունեության նվազագույն պայմաններից:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը կտրականապես պահանջում է միջազգային իրավապաշտպան համայնքից պատշաճ փաստագրել և գնահատականի արժանացնել ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակաբար կատարվող այդ ռազմական հանցագործությունները:

Պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ հակառակորդը շարունակում է արգելված զինատեսակներից թիրախավորել խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

ՊԲ-ն արդեն իսկ հասցնում է հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին: «Լարվածությունը հակամարտության գոտում ևս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,-ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։