4 հոկտեմբերի 2020 - 15:44 AMT
Խոսնակ․ Արայիկ Հարությունյանը չի վիրավորվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը չի վիրավորվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Ադրբեջանցիները կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Միանգամից հերքեմ, որ այն իրականությանը չի համապատասխանում և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները:

Հ.Գ.Նախագահ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել են Ալիևի վարչակարգի պատասխանատուներին, բանակի հրամկազմին, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպագանդայի վրա: Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակը մերն է»,-ասվում է գրառման մեջ:

ՊԲ-ն հզոր հարվածներ է հասցնում Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին: Նշվում է, որ լարվածությունը հակամարտության գոտում ևս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել է, որ Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։