4 հոկտեմբերի 2020 - 21:39 AMT
ԱԱԾ-ն օտարերկրացի լրտեսների է ձերբակալել

ԱԱԾ-ն ձերբակալել է օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ զինված ուժերի տեխնիկայի, սպառազինության շարժի, զորամասերի տեղակայման վայրերի, զորահավաքին մասնակցող անձանց և նրանց քանակի վերաբերյալ որոշակի տեղեկություններ հավաքելու համար:

Կասկածյալները ձերբակալվել են հոկտեմբերի 2-ին, հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարված հանցագործության ամբողջական բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցող այլ օտարերկրացիների ու ՀՀ քաղաքացիների ինքնությունը բացահայտելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ուղղությամբ:

ԱԱԾ-ից նշում են, որ հետևողական պայքար են տանում սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ:

«Այս գործընթացում ակնկալում է նաև հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային անձեռնմխելիության»,- նշվում է հաղորդագրությունում: