5 հոկտեմբերի 2020 - 10:17 AMT
Պողոսյանը հրաժարվել է հայ-իսրայելական բարեկամական խմբի անդամությունից

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հրաժարվել է հայ-իսրայելական պատգամավորական բարեկամական խմբի անդամությունից: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հաշվի առնելով Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսած տեռորիստական պատերազմը, և Իսրայելի կողմից մեր հակառակորդին պարբերաբար զենք և զինամթերքի վաճառքն ու մատակարարումը, ինչպես նաև՝ այդ երկրի իշխանությունների անգործությունը, այլևս նպատակահարմար չեմ համարում իմ համագոծակցությունը այդ երկրի պառլամենտի հետ»,-ասվում է Պողոսյանի գրառման մեջ։

Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում հակառակորդն ակտիվորեն օգտագործում է իսրայելյան արադրության անօդաչու թռչող սարքեր և այլ սպառազինություն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։