5 հոկտեմբերի 2020 - 19:07 AMT
Ռուբեն Վարդանյանի կոչը Պուտինին և ՌԴ էլիտային․ Մի ոչնչացրեք ձեր վերջին դաշնակցին

Ռուսաստանաբնակ հայազգի բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով խառնվել ԼՂ-ում կատարվող գործընթացին, քանի որ դա հենց Ռուսաստանի շահերից է բխում։

«Դիմում եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես ՌԴ քաղաքացի, դուք որպես առաջնորդ շատ բան կարող եք անել, և հենց այսօր ձեր մասնակցությունը և վերաբերմունքը այս ամենին որոշում է շատ բան։ Ես չգիտեմ, թե դուք ինչ ինֆորմացիա եք ստանում, ով է ձեզ խորհուրդներ տալիս, բայց հավատացեք՝ սա զուտ տարածքային հակամարտություն չէ։ Եվ եթե ստացվի այնպես, որ այս աղետն ավարտվի դժբախտությամբ, Ռուսաստանի համար անբուժելի վերք կլինի։

Ես երազում եմ, որ ՌԴ-ն ոչ թե միայն օգնի, այլ հասկանա, որ այս գործընթացը հենց մեզ՝ ռուսաստանցիներիս համար է սկզբունքային կարևոր, ոչ թե հայերի և Հայաստանի, այլ ամբողջ ռուս ժողովրդի համար, որովհետև ԼՂ տեղային հակամարտությունն աշխարհաքաղաքական դանդաղ գործողության բոմբ է, որը կպայթի և, ցավոք, առաջինը հենց ՌԴ-ում։ Ես որպես ՌԴ քաղաքացի ձեզ խնդրում եմ՝ խառնվեք գործընթացին»,- նշում է նա ուղերձում։

Վարդանյանը ռուսական ռազմաքաղաքական էլիտային հիշեցնում է, որ Ռուսաստանը կարող է լինել հզոր երկիր, երբ ունի ուժեղ դաշնակիցներ․ «Մի ոչնչացրեք ձեր վերջին դաշնակցին՝ այնպես անելով, որ ոչ ոք չհավատա, թե Ռուսաստանի հետ հնարավոր է իրականում լինել ուժեղ և հաջողակ, ոչ թե թույլ և նվաստացած»։

Վարդանյանը նաև ՀՀ իշխանություններին է դիմել՝ խորհուրդ տալով մի կողմ դնել քաղաքական հայացքները և միավորվել, Վրաստանին՝ խնդրելով չանել այն, ինչի համար հետո կփոշմանեն, ադրբեջանցիներին՝ նշելով, որ ամեն վայրկյան թափվող արյունը մեկ քայլ ավելի է հեռացնում խաղաղ գոյության հնարավորությունը։

Վարդանյանը նաև կոչ է արել աշխարհի հայ երիտասարդությանը, մանավանդ տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին, ժամանակավորապես մոռանալ կարիերայի մասին և ծառայեցնել իրենց գիտելիքները հանուն հայրենիքի։

Գործարարը դիմել է միջազգային հանրությանը՝ նշելով, որ չեն արել հնարավորը՝ պատերազմը դադարեցնելու համար։ Դիմել է նաև հայաստանցի զինվորներին և հայ ժողովրդին՝ նշելով, որ հպարտ է՝ հայ է, երջանիկ է՝ ապրում է բոլոր նրանց հետ։ Հպարտ է, որ ոչ մի բան հաշվի չառնելով՝ հայ ժողովուրդը միասին է և անում է անհնարինը։ Նա նշում է, որ [հակառակորդի-խմբ․] բլիցկրիգը չստացվեց, որովհետև տղաները զոհաբերեցին իրենց։ Նա վերջում շնորհակալություն է հայտնում իր ժողովրդին և ասում, որ իրենց հետ է։