5 հոկտեմբերի 2020 - 20:43 AMT
Հակառակորդը հայտնվել է ծուղակում` փորձելով զբաղեցնել հայերի թողած դիրքերը, 200 զոհ ունի

Արցախի պաշտպանության բանակն ամենաբարդ ուղղություններից մեկում նահանջի տպավորություն է ստեղծել ու հուժկու հարված հասցրել ադրբեջանական ստորաբաժանմանը, 200-ից ավելի զոհ ունեն, հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ՊԲ-ն ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված զինծառայող` հակառակորդն անկանոն կերպով դիմել է փախուստի»,-գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։