5 հոկտեմբերի 2020 - 22:29 AMT
ՀՀ-ն չի մասնակցի հոկտեմբերին նախատեսված ՀԱՊԿ զորավարժությանը

Հայաստանն այս անգամ բաց կթողնի ՀԱՊԿ անդամ երկրների «Անքակտելի եղբայրություն-2020» զորավարժությունը և չի մասնակցի դրան՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատճառով։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է ՀՀ ՊՆ-ն։

Նախատեսված էր, որ Հայաստանը կմասնակցի Բելառուսում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հոկտեմբերի 12-ից 16-ն անցկացվելիք «Անքակտելի եղբայրություն» զորավարժությանը։

Վարժանքներն անցկացվում են ամեն տարի։ Դրանց մասնակցում են ՀԱՊԿ անդամ 6 պետության զինված ուժերի, ներքին զորքերի և ոստիկանության մոտ 1300 զինծառայող, մի քանի հարյուր միավոր ավիացիա, զրահատանկային, ավտոմոբիլային տեխնիկա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):