5 հոկտեմբերի 2020 - 23:13 AMT
Կանադան կասեցրել է դեպի Թուրքիա զենքի արտահանումը

Կանադան դադարեցնում է դեպի Թուրքիա ռազմամթերքի արտահանումը, քանի որ այդ երկրի տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը։

Նա նշել է, որ վերջին օրերին Կանադան բազմաթիվ մեղադրանքներ է ստացել ԼՂ հակամարտության ժամանակ իր տեխնոլոգիաների օգտագործման համար։ Իմանալով այդ մասին՝ նախարարը հանձնարարել է հետաքննություն իրականացնել:

Հոկտեմբերի 2-ին Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր, որ Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունները: Հոկտեմբերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում:

Կանադայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ իրենք կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար։

Ադրբեջանը Թուրքիայի ռազմական աջակցությամբ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։