6 հոկտեմբերի 2020 - 17:10 AMT
Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է

Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Շուշան Ստեփանյանը։

ՊԲ հուժկու հարվածների արդյունքում, թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ, ի հերթին գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հավելելով, որ «ժամեր առաջ առաջնագծի հարավային թևով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու»։

Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 6-ի կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը՝ մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։