6 հոկտեմբերի 2020 - 20:10 AMT
ՄԻԵԴ-ը բավարարել է Թուրքիայի հանդեպ միջանկյալ միջոց կիրառելու՝ ՀՀ-ի դիմումը

Հոկտեմբերի 5-ի երեկոյան Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել, փոխանցում են Կառավարությունից։

«Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ անում ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»,- ասված է որոշման մեջ։

Հայաստանն իր և Արցախի անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ էր ներկայացրել Թուրքիայի դեմ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։