7 հոկտեմբերի 2020 - 15:25 AMT
ԲՀԿ-ական պատգամավորները 1 ամսվա աշխատավարձը կփոխանցեն «Հայաստան» հիմնադրամին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է խորհրդարանի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի խմբակցության բոլոր պատգամավորների ընթացիկ ամսվա աշխատավարձը փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Հայաստանի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, միայն միասնաբար՝ մեկ բռունցք դարձած մենք կարող ենք հաղթել թշնամուն և այս գործընթացում կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը: Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի ժողովուրդներին և հայոց բանակին», - ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):