2020-ի մարտ ամսից Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրենց ամսական պարգևավճարներն ուղարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին, իսկ այսուհետ դրանք կփոխանցեն հայկական զինված ուժերին։ Այս մասին հայտարարել է խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը։
Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ խմբակցության բոլոր պատգամավորների ընթացիկ ամսվա աշխատավարձը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):