Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում շահառուներին սոցփաթեթի իրենց գումարներն ուղղել այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացումն ապահովող ծրագրերի իրականացմանը:
Հնարավոր չարաշահումներից խուսափելու համար սահմանվել է, որ տվյալ հիմնադրամն այս պահի դրությամբ լինելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Մինչ օրենքի ընդունումը սոցփաթեթի ծախսման հնարավոր 4 ուղղությունից դուրս, այլ ուղղություններով այդ գումարները չեն կարող օգտագործվել:
Սոցիալական փաթեթի շահառու մի շարք քաղաքացիներ, սակայն, ցանկություն են հայտնել մասնակցել Հայաստանում սեպտեմբերի 27-ից պետական կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքներին:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):