7 հոկտեմբերի 2020 - 18:57 AMT
ԱԳՆ․ ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում օրակարգում չկա

Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հարց օրակարգում չկա, PanARMENIAN.Net-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից։

Ավելի վաղ ռուսական «Դոժդը» իր աղբյուրին վկայակոչելով հայտարարել էր, թե հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարող է հանդիպել ՌԴ իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման համար։

Բացի այդ, աղբյուրը նաև շեշտել է, որ աշխատանքներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպման համար։ Հնարավոր բանակցությունների ժամկետ է նշվել հոկտեմբերի 8-9-ը։

Ավելի վաղ, պատասխանելով հարցին՝ արդյոք նախատեսվում է հանդիպում՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի միջև, խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ այս պահին հստակ որևէ բան ասել չի կարող։

«Ընդհանուր առմամբ, նախարարի օրակարգի և իր գործընկերների հետ հանդիպումների մասին հայտարարվում է համատեղ»,- նշել էր նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։