7 հոկտեմբերի 2020 - 18:59 AMT
Ժնևում և Մոսկվայում կքննարկեն ԼՂ-ում իրավիճակը

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ հոկտեմբերի 8-ին Ժնևում և հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալու են բանակցություններ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ։

«Մենք ամենօրյա շփումների մեջ ենք միմյանց հետ (ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ֆրանսիան, ՌԴ-ն և ԱՄՆ-ն)։ Այս պահի դրությամբ դա հաջողությամբ չի պսակվել։ Հոկտեմբերի 8-ին հանդիպումներ կլինեն Ժնևում, իսկ հետո՝ Մոսկվայում»,-ասել է Լե Դրանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի միջազգային գործերի հանձնաժողովի անդամների առջև, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել նրան, որ բանակցությունները կողմերի միջև վերսկսեն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։