7 հոկտեմբերի 2020 - 19:44 AMT
ՊԲ-ն կորցրած դիրք է ազատագրել ու 19 զինծառայողի փրկել

Պաշտպանության բանակի հերթական ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվել է կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այդ զինծառայողներն օրեր առաջ՝ դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակմանը:

«Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ արագ նահանջել է»,-հայտնել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։