8 հոկտեմբերի 2020 - 11:15 AMT
ՊՆ․ Թշնամու 4 հատ Դ-30 հաուբից է ոչնչացվել՝ անձնակազմով և զինամթերքով

Հարավային ուղղությամբ հրետանային գերճշգրիտ հարվածներով հակառակորդին պատճառվում է մարդկային ուժի մեծ կորուստներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հայկակական ստորաբաժանումները քիչ առաջ ոչնչացրել են նաև թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից անձնակազմով և զինամթերքով՝ թույլ չտալով զբաղեցնել կրակային դիրքեր»,- ասվում է գրառման մեջ։

Մինչև այդ հայկական ուժերը նաև 2 ԱԹՍ են խոցել։

Առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։