8 հոկտեմբերի 2020 - 17:56 AMT
Իսրայելի հայ համայնք․ Ադրբեջանին զենքի վաճառքը հայերից բացի վնասում է նաև իսրայելցիներին

Իսրայելի հայ համայնքը վրդովված է այդ երկրից՝ Ադրբեջան զենքի մատակարարումների համար, փոխանցում է The Jerusalem Post պարբերականը։

«Խիստ զայրացած ենք Իսրայելի կառավարության վրա՝ Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով։ Դա վնաս է հասցնում ոչ միայն հայերին, այլև իսրայելցի ժողովրդին»,- ասել է «Նոյան Տապան» մշակույթի և կրթության հայկական կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանը։

Իսրայել-Հայաստան առևտրային պալատի նախագահ Ցվի Կանտորը հայտնել է, որ երկու երկրի միջև առևտրային հարաբերությունները դադարեցված են:

Նրա խոսքով՝ Հայաստանում «Իսրայելի նկատմամբ շատ զայրույթ կա», չնայած որ մինչ պատերազմը սովորաբար այդ երկիրը ՀՀ-ում մեծ աջակցություն է վայելել:

«Ես խոսում եմ Հայաստանում իմ ընկերների հետ, և նրանք բոլորը մի բան են ասում. «Ինչո՞ւ եք մեզ սպանում»,- ասել է նա։

Հոկտեմբերի 1-ին Հայաստանը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Իսրայելում դեսպան Արմեն Սմբատյանին։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ Հայաստանի համար անընդունելի է Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. Reuters