8 հոկտեմբերի 2020 - 19:07 AMT
ՏՄՊՊՀ. Զինհագուստը չի թանկացել՝ վերվաճառողներին կգտնեն

Հաշվի առնելով մամուլում և սոցցանցերում տարածվող տեղեկությունները զինվորական համազգեստի գների բարձրացման վերաբերյալ՝ ՏՄՊՊՀ-ն՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ուսումնասիրել է խնդիրը:

Մասնագիտացված իրացում իրականացնող մի շարք տնտեսվարող սուբյեկտներ հանձնաժողովին հավաստիացրել են, որ ոչ միայն չեն բարձրացրել զինվորական համազգեստի գները, այլև որոշ դեպքերում վաճառքն իրականացնում են նվազեցված գներով:

Նշված պայմաններում մի շարք վերավաճառողներ հնարավորություն են ստացել ապրանքն էժան ձեռք բերել և ավելի թանկ վաճառել, որոնց հայտնաբերման և նույնականացման նպատակով Հանձնաժողում ներկայումս իրականացվում են աշխատանքներ: Իրավախախտման հնարավոր դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող գործընթացները շարունակվում են:

Հանձնաժողովը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է ապրանքներ գնելիս լինել առավել ուշադիր, գնային խնդրահարույց բարձրացումներ հայտնաբերելու դեպքում անմիջապես փաստագրել գինը, ապրանքը, տնտեսվարող սուբյեկտին և դիմել հանձնաժողով:

Տնտեսվարող սուբյեկտներին հորդորում ենք զերծ մնալ գների անհիմն բարձրացումներից, քանի որ իրավախախտում հայտնաբերելու դեպքում լինելու են ծանր ֆինանսական պատասխանատվության միջոցներ: