Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին հասցված հարվածներն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, որը բացահայտում է նրա հակամարդկային Էությունը, հայտարարել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
ԱԳՆ-ից խստորեն դատապարտել են Ադրբեջանի հանցանքը՝ նշելով, որ այն միաժամանակ նաև մարտահրավեր է քաղաքակիրթ մարդկությանը։
ԱԳՆ-ից հիշեցրել են Ադրբեջանին, որ կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորումն ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքում՝ որպես պատերազմի հանցագործություն, որի համար պատասխանատվությունը չունի վաղեմության ժամկետ։
«Ադրբեջանը, որն ամբողջովին բնաջնջել է հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում և հայ ժողովրդի պատմական հայրենիքի այլ մասերում, այժմ փորձում է Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի շրջանակում հայրենիքից և պատմական հիշողությունից զրկել արցախահայությանը»,- հայտարարել են ԱԳՆ-ից՝ հավելելով, որ Ադրբեջանն ընդօրինակում է իր դաշնակից ահաբեկիչների գործելոճը։
Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը 2 անգամ հարվածել է Սբ Ամենափրկիչին՝ եկեղեցուն ավերածություններ պատճառելով։ Երկրորդ հարվածի ժամանակ ներսում նաև ռուս լրագրողներ են եղել։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։