8 հոկտեմբերի 2020 - 20:38 AMT
Հակառակորդի դիրքից փաստաթղթեր բերողներն ու 2900 մ վրա տանկ խոցողները․ Եվս 10 զինվոր կպարգևատրվի

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հերոսական քայլերով աչքի ընկած ևս մի քանի զինծառայող է ներկայացվել պարգևատրման, հայտնում են պաշտպանության բանակից։

Մայոր Նորայր Բաղդասարյանը թշնամական հրետանային մարտկոց ու կայանքներ ոչնչացնելու համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Սերժանտ Մանվել Գևորգյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Ղումաշյանը, շարքային Դավիթ Խանազյանն ու շարքային Նարեկ Ղուկասյանը «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն մեկական «Օրբիտեր» տեսակի ԱԹՍ խոցելու համար:

Ավագ լեյտենանտ Նվեր Անանյանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել հակառակորդի դիրք մտնելու և հատուկ գործողության ընթացքում քարտեզներ, զենք և ռազմական գաղտնիք պարունակող այլ փաստաթղթեր բերելու համար:

Ինժեներասակրավորային բարդագույն խնդիրներ կատարելու և դրանով իսկ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար կապիտան Գարեգին Սարգսյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:

Նույն կարգի մեդալներով կպարգևատրվեն նաև սերժանտ-պայմանագրային Հունան Գասպարյանը, շարքային-պայմանագրային Նարեկ Աբրահամյանն ու շարքային-պայմանագրային Նարեկ Գևորգյանը, ավելի քան 2900 մետր հեռավորության վրա թշնամական տանկ ոչնչացնելու և այլ արդյունավետ գործողությունների համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։