Արցախում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ընտանիքի անունից հորդորել է որդու հիշատակը հարգելու համար ծաղիկներ և ծաղկեպսակներ գնելու փոխարեն գումարը փոխանցել «Հայաստան» համայկական հիմնադրամին։
«Այս պահին այդ գումարն ավելի պետք է մեր Հայրենիքին. վստահաբար այդպես կցանկանար Ալբերտը»,-ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալբերտը, ում լուսանկարը լայն տարածում էր ունեցել ոչ միայն հայկական մամուլում, այլև համաշխարհային՝ դառմալով պատերազմի խորհրդանիշներից մեկը, զոհվել է Արցախի մարտերում։
Հայրը նշել էր, որ վիշտը ծանր է ու մեծ, բայց հպարտությունն ավելի մեծ է։ Նա խնդրել էր որդուն հիշել որպես հավերժ երիտասարդի, անսահման լավատեսի, չափազանց հայրենասերի, որը մեծ երազանքներ ու անելիքներ ուներ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):