8 հոկտեմբերի 2020 - 23:46 AMT
Արցախի նախագահ․ Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու Արիության մեդալ է շնորհվել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Հոկտեմբերի 8-ին Արցախի մարտերում զոհվել է զինծառայող, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարը լայն տարածում էր ունեցել ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մամուլում։

Արցախի նախագահը դիմել է Հովհաննիսյանի հորը՝ ցավակցելով նրան և նշելով, որ որդին թշնամուն մեծ կորուստներ է պատճառել ու փայլել անմնացորդ ծառայությամբ։

«Այսօր կարդացի նաև Ձեր հորդորը, որ հերոս տղայի վերջին հրաժեշտի արարողության ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն Հայրենիքի զորացմանը: Ես իմ խոնարհումն եմ ուզում բերել նաև Ձեր մարդկային և ծնողական վեհ տեսակին: Մեր ժողովուրդն անպարտ է, քանի որ Ձեզ ու Ձեր որդու պես զավակներ ունի»,-գրել է Արցախի նախագահը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։