Ֆրանսիայի Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկությամբ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ): Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է փոխքաղաքապետ Կարո Խաչիկյանը։
Քաղխորհուրդը որոշել է նաև ֆինանսապես աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Tv5Monde-ին հարցազրույցում հայտարարել է՝ ակնկալում է, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիան ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև այն մտահոգությունները, որ Էմանուել Մակրոնը բարձրացրել է, այսօրվա իրավիճակում լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա, որովհետև սա կարող է վերածվել մի մեծ հումանիտար աղետի։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։