10 հոկտեմբերի 2020 - 15:45 AMT
ՀՀ նախագահը շնորհակալ է Պուտինին և Լավրովին՝ հրադադարի հաստատմանը մասնակցելու համար

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մինսկի խմբի բոլոր համանախագահներին՝ միջնորդելու և հրադադարի հասնելու համար, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

«Հուսով եմ՝ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Նա «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովում» անդրադարձել է Կովկասում իրադարձություններին՝ դրանք պայմանականորեն անվանելով C-20:

Նշվում է, որ գագաթնաժողովին մասնակցում է 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ:

Հոկտեմբերի լույս 10-ի գիշերը ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մակարդակով պայմանավորվել են կեսօրից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։

Սակայն հոկտեմբերի 10-ին՝ 12։05-ից սկսած, Ադրբեջանն անտեսել է մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը ու հարձակվել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ, ՊԲ ստորաբաժանումները դիմել են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։