10 հոկտեմբերի 2020 - 17:27 AMT
Արայիկ Հարությունյանն այցելել է Հադրութ, ուր հակառակորդը դիվերսիայի փորձ էր արել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Հադրութ քաղաք, որն իբրև, ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր պնդում նախօրեին, ադրբեջանական կողմը «գրավել էր»։

Հարությունյանը Facebook-ում գրել է, որ թշնամին` անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։

Նրա խոսքով՝ իրավիճակն այս պահին ամբողջությամբ Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։

Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն ներթափանցման փորձ Հադրութի ուղղությամբ։