10 հոկտեմբերի 2020 - 19:43 AMT
ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել զոհերի և գերիների փոխանակմանը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ պատրաստ է չեզոք միջնորդի դերում աջակցել մարտերում զոհվածների աճյունների արտահանձմանը և գերիների համաժամանակյա ազատմանը։

«ԿԽՄԿ-ն ամբողջ աշխարհի հակամարտություններում որպես չեզոք միջնորդ հանդես գալու երկար պատմություն ունի, և լիահույս ենք, որ այս գործողությունն արագ կիրականացվի, որպեսզի մարտական գործողություններում զոհվածների աճյունները վերադարձվեն իրենց հարազատներին՝ արժանապատվորեն սգալու համար»,- նշել է միջազգային կոմիտեի Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը։

Նշվում է նաև, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է տեխնիկական խորհրդատվություն տրամադրել կողմերին, որպեսզի մահացածները նույնականացվեն՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, և ապա աջակցել աճյունների վերադարձին։

Իր հերթին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել է գերիների ու զոհվածների մարմինների փոխանակման համար կոմիտեի միջնորդությամբ ու չափանիշներով գործողությունների իրականացումը։ Դրանք համակարգվելու են Արցախի իշխանությունների հետ:

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։

Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն ներթափանցման փորձ Հադրութի ուղղությամբ։