Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի արտգործնախարարի հետ զրույցում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են երկրների հավատարմությունն ավելի վաղ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար կրակի դադարեցման շուրջ համաձայնություններին։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ Սերգեյ Լավրովի հետ զրույցում թե Զոհրաբ Մնացականյանը, թե Ջեյհուն Բայրամովն ընդգծել են համաձայնությունների թղթի վրա չմնալու անհրաժեշտությունը։
Իր հերթին, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը՝ դրժելով իր իսկ ստանձնած հանձնառությանը, շարունակել է մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում, հարվածել ՀՀ Սյունիքի մարզին:
«Միաժամանակ իրեն արդարացնելու նպատակով շինծու մեղադրանքներ է հնչեցնում ՀՀ կողմից ադրբեջանական բնակավայրերը կրակի տակ պահելու վերաբերյալ... Ադրբեջանական բանակի սադրիչ գործողություններն ուղեկցվում են քաղաքական հայտարարություններով, որը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որ Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը:
Իր այս գործելաոճը քողարկելու կամ գուցե արդարացնելու նպատակով ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել ապատեղեկատվության տարածման՝ շինծու մեղադրանքներ հնչեցնելով առ այն, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կրակի տակ են պահում բնակավայրեր և ճակատային գիծը։»,- նշել են գերատեսչությունում՝ նախազգուշացնելով, որ ստեղծված իրավիճակի հետևանքների պատասխանատվությունը կրում է Թուրքիայի հովանավորությամբ գործող Ադրբեջանի ղեկավարությունը։
ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։
Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն մարտեր Հադրութի ուղղությամբ։