11 հոկտեմբերի 2020 - 09:51 AMT
Քիմ Քարդաշյանը $1 մլն կփոխանցի «Հայաստան» հիմնադրամին

Հայազգի աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 1 մլն դոլար կփոխանցի «Հայաստան» հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։

Նա ասել է, որ բազմաթիվ ընկերներների հետ է խոսել Հայաստանում ու Արցախում ծավալվող իրադարձությունների շուրջ և հասկացել, որ պետք է կանխել ճգնաժամը:

«Բոլորը պետք է հիշեն, որ չնայած մեզ բաժանող տարածությանը, սահմանները չեն կարող մեզ բաժանել և մենք բոլորս հայ ազգի մասնիկներն ենք»,-ասել է նա։

Քարդաշյանը կոչ է արել իր հետևորդներին հետևել իր օրինակին և միանալ իրեն՝ թեկուզ 1 դոլարի նվիրատավությամբ կամ կիսվելով իր այս ուղերձով։ ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և Հադրութի ուղղությամբ թիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկել՝ սպանելով մորն ու նրա հաշմանդամ որդուն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։