Եթե Ադրբեջանը չկատարի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի շուրջ պարտավորվածությունները, Արցախի նախագահը դիմելու է ՀՀ իշխանություններին և աշխարհի բոլոր երկրներին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, նաև ընդունելու է իրեն պարտադրված երկարատև պատերազմը։
Նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսելով բանակցություններից, ասել է, որ Արցախը չի կարող պարտադիր պայման ընդունել մի երկրից, որի նպատակը ժողովրդին, հազարամյա մշակույթը և պատմությունը բնաջնջելն է։
Նրա խոսքով՝ նման գործողություններ կլինեն, եթե առաջիկա մեկ-երկու օրում չզգան խաղաղ ճանապարհով հարցի կարգավորման Ադրբեջանի պատրաստակամությունը։
«Այստեղ կտեսնենք այն բոլոր երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքը, ազգերի ինքնորոշման իրավունքը, և այն երկրների ցանկը, որոնք աջակցում են միջազգային ահաբեկչությանը»,-ասել է նա։
Նախագահի խոսքով՝ գիշերվա ընթացքում Ստեփանակերտի և բնակավայրերի հրթիռակոծումը ցույց է տվել, որ հումանիտար հրադադարը չի գործում, սակայն առավոտյան տվյալներով համեմատաբար հանգիստ է իրադրությունը։
«Չգիտենք՝ ինչքանով է դա լինելու երկարատև, բնակավայրերը չեն հրթիռակոծվում, առաջնագծում փոքր հրաձգություններ կան, կիրառվում է սովորական հրետանի, և կա դիրքային փոքր պայքար»,- նշել է նա՝ ավելացնելով, որ եթե հակառակորդը չի պահում հրադադարը, Արցախը չի կարող պահել։
Ըստ Հարությունյանի՝ եթե առաջիկա օրերի ընթացքում չկատարվի պայմանավորվածությունը, սա կնշանակի, որ Ադրբեջանը կարող է ընդունել հրադադարի կամ զինադադարի պայմաններ, եթե դրան ստիպեն միայն երկարատև ծանր կորուստները։ Արցախը պայքարելու է մինչև վերջ, հայտարարվելու է հայրենական պատերազմ․ «Ուզում են երկարատև պատերազմ, իրենք են ընտրել այդ ճանապարհը, մենք չենք հրաժարվելու պարտադրված պատերազմից»։
ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։
Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն մարտեր Հադրութի ուղղությամբ։ Իսկ գիշերվանից սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը, Շուշին և այլ բնակավայրեր։