12 հոկտեմբերի 2020 - 22:24 AMT
Փաշինյանը՝ դեսպաններին. Արցախում հումանիտար ճգնաժամից խուսափելու համար պետք է ճանաչել ԼՂ անկախությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եթե արդեն հումանիտար ճգնաժամ չէ, ապա շատ մոտ է դրան։ Այս մասին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այն կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել միջազգային հանրության կողմից կատարվողի պաշտոնական արձանագրումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ընդհուպ՝ անկախության ճանաչումը:

Վարչապետն արձանագրել է, որ Ադրբեջանն է հարձակվել ԼՂ ուղղությամբ և այս պատերազմը չէր սկսի, եթե դրանում ամբողջությամբ չներգրավվեր Թուրքիան, որը միաժամանակ Սիրիայում վարձել է վարձկանների և ահաբեկիչների ու օդային սեփական տրանսպորտով տեղափոխել հակամարտության գոտի:

Նրա խոսքով՝ այս պատերազմը Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության շրջանակում է, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ դեպի արևելք, հյուսիս և հարավ-արևելք ծավալվելու համար: Եվ կատարվողը պետք է դիտարկել Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում Թուրքիայի վարած քաղաքականության կոնտեքստում: Ըստ Փաշինյանի՝ սա միանշանակ թուրքական կայսրության վերականգնման քաղաքականություն է:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։