13 հոկտեմբերի 2020 - 11:34 AMT
Պողոսյան․ Գիշերն անհանգիստ էր Ասկերանում, Մարտունիում և Մարտակերտում

Հոկտեմբերի լույս 13-ի գիշերն անհանգիստ է եղել Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը` խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։ Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան»,-ասվում է գրառման մեջ։

Պողոսյանը հավելել է, որ զոհեր ու վիրավորներ չկան։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվել է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։