13 հոկտեմբերի 2020 - 12:02 AMT
Արցախի ԱԺ-ն արտահերթում աշխարհազոր ստեղծելու օրինագիծ է ընդունել

Արցախի Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է գումարել, որի շրջանակում ընդունել է կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման մասին նախագիծը։

Նախքան նստաշրջանի աշխատանքներին անցնելը՝ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակվածների հիշատակը:

Խորհրդարանը քննարկել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը, գրում է Արցախպրեսը։

Զեկուցողի փոխանցմամբ՝ օրենքի նախագծը բխում է կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությունից:

Դրա համաձայն՝ սահմանվում են «աշխարհազոր» հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։