13 հոկտեմբերի 2020 - 13:15 AMT
Շոյգուն Թուրքիայի ՊՆ ղեկավարին մտահոգություն է հայտնել ԼՂ ճակատ ահաբեկիչների տեղափոխման մասով

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն է հայտնել ԼՂ հակամարտության գոտի Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին տեղափոխելու մասին տեղեկություններով։

«ՌԴ ՊՆ-ում առանձնակի տագնապ է առաջացնում ստացվող տեղեկատվությունը մերձավորարևելյան ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին ԼՂ հակամարտության գոտի տեղափոխելու մասին»,- ասել են նախարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունն ակտիվ մասնակցում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կայունացմանը։ Մասնավորապես, Շոյգուն այդ հարցի շուրջ բանակցել է տարբեր երկրների իր պաշտոնակիցների հետ։

«Այդ աշխատանքի գլխավոր նպատակը մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն է Լեռնային Ղարաբաղում և անցումը հակամարտող կողմերի բանակցություններին՝ կարգավորելու իրավիճակը տարածաշրջանում»,- ասել են գերատեսչությունում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։