13 հոկտեմբերի 2020 - 16:42 AMT
Արցախում ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա երեխան վիրահատվել է

Արցախի Մարտունի քաղաքում ռմբակոծության հետևանքով ծանր վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ»,- ասվում է գրառման մեջ։

Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։