13 հոկտեմբերի 2020 - 17:20 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը կողմերին՝ համաձայնեցնել հրադադարի վերիֆիկացման մեխանիզմները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ամբողջապես կատարել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ ստանձնած պարտավորությունները։ Համանախագահները նաև հորդորել են կողմերին անհապաղ համաձայնեցնել հրադադարի վերիֆիկացման մեխանիզմները։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Մոսկվայում կայացած հանդիպման ավարտին հայտարարություն է ընդունվել։

«Համանախագահները, մտահոգություն հայտնելով ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող բռնության վերաբերյալ, կողմերին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ՝ կանխելու տարածաշրջանի համար աղետալի հետևանքները»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է որ անթույլատրելի են զոհերը քաղաքացիական բնակչության շրջանում։

Նշվում է նաև, ո ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումներից հետո համանախագահներն աշխատում են կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի առարկայական հարցերի շուրջ՝ բանակցային լուծման հասնելու նպատակով։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվում է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։