13 հոկտեմբերի 2020 - 21:27 AMT
ԿԽՄԿ․ ԼՂ խնդրի կողմերը պետք է փոխհամաձայնվեն գերիների և զոհերի դիերի փոխանակման ձևաչափի շուրջ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը լիահույս է, որ ԼՂ-ում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը կպահպանվի և շոշափելիորեն կթեթևացնի խաղաղ բնակչության կացությունը։

Նա վերահաստատել է Կոմիտեի պատրաստակամությունը՝ աջակցելու զոհվածների աճյունների արտահանձմանը և ազատազրկվածների ազատ արձակմանը։

«Կողմերը պետք է մինչ այդ փոխհամաձայնություն ձեռք բերեն նշված գործընթացների ձևաչափի շուրջ»,- նշվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԿԽՄԿ-ն աշխատում է ամբողջ տարածաշրջանում՝ մեղմելու ներկայիս ռազմական իրավիճակում հայտնված քաղաքացիական անձանց տառապանքը։ Մասնավորապես, դրամական աջակցություն և հիգիենայի պարագաներ է բաժանում հարյուրավոր ընտանիքների, ինչպես նաև անհետաձգելի բուժօգնության արկղիկներ՝ հիվանդանոցներին, և դատաբժշկական աջակցություն՝ իշխանություններին՝ կարիքների գնահատման նպատակով հնարավորության դեպքում իրականացնելով նաև դաշտային այցելություններ։

«Կանխատեսում ենք, որ առնվազն տասնյակ հազարավոր մարդիկ ողջ տարածաշրջանում աջակցության կարիք կունենան հաջորդ մի քանի ամիսներին։ Այս կապակցությամբ, մենք լրացուցիչ 9,2 մլն շվեյցարական ֆրանկի արտահերթ հայտ ենք ներկայացրել ու արդեն իսկ սկսել ենք մեծահոգի նվիրատվություններ ստանալ կառավարություններից, ինչի համար երախտապարտ ենք»,- ասել է Շյուպը։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվել է։