14 հոկտեմբերի 2020 - 09:59 AMT
Փաշինյանը՝ Reuters-ին․ Քանի Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել, Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է` քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել, Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները։

Հարցազրույցի մասին հոդվածում նշվում է, որ Փաշինյանը Թուրքիային մեղադրել է հրադադարի ռեժիմը վիժեցնելու և իր ծավալապաշտական նկրտումերին համահունչ Հարավային Կովկաս թափանցելու փորձ կատարելու մեջ:

ՀՀ վարչապետը նաև ասել է, որ մինչև հրադադարի մասին համաձայնագրի ընդունումը Թուրքիան արդեն հայտարարել էր, որ Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները: Իսկ համաձայնագրի ընդունումից հետո տեղի ունեցավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի զանգը Ադրբեջան, որը, ըստ էության, հրահանգ էր՝ ոչ մի դեպքում չհամարձակվել դադարեցնել ռազմական գործողությունները:

«Թուրքիան Հարավային Կովկաս է եկել՝ շարունակելու իր այն քաղաքականությունը, որը նա վարում է Միջերկրական տարածաշրջանում, Հունաստանի նկատմամբ, Կիպրոսի նկատմամբ, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Դա էքսպանսիոնիստական քաղաքականություն է:

Հայտնի են Թուրքիայի էքսպանսիոնիստական պլանները դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք, և խնդիրն այն է, որ Հարավային Կովկասում հայերը վերջին խոչընդոտն են՝ այդ էքսպանսիոնիստական քաղաքականությունը վարելու ճանապարհին: Եվ հիմա Թուրքիան ամենևին էլ Ղարաբաղի հարց չի լուծում: Թուրքիան փորձում է շարունակել հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը, որովհետև Հարավային Կովկասում Հայաստանը և հայությունը վերջին խոչընդոտն են նրա էքսպանսիայի ճանապարհին՝ դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք», - ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կրկնել է՝ Թուրքիան շարունակում է Օսմանյան կայսրության 20-րդ դարասկզբի քաղաքականությունը, ինչը նա որակեց որպես Հայոց ցեղասպանության շարունակություն:

«Ամբողջ Հարավային Կովկասը կդառնա Սիրիա, և այդ կրակը կտարածվի դեպի հյուսիս, դեպի հարավ՝ շատ արագ, գործնականում ամիսների ընթացքում և ավելի երկարաժամկետ՝ դեպի արևելք», - ասել է Նիկոլ Փաշինյանը»:

Թուրքիան ակտիվորեն ներգրավվել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի մեջ ոչ միայն քաղաքական հայտարարությունների մակարդակով, այլ նաև մերձավորարևելյան ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին է տեղափոխում ԼՂ հակամարտության գոտի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։