14 հոկտեմբերի 2020 - 11:15 AMT
ՀՀ-ում Covid-19-ի 1058 նոր դեպք կա. Փաստացի բուժվողները՝ 10,000-ից ավելի

Հայաստանում հոկտեմբերի 14-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 58,624-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1058-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է հունիսի 24-ի պիկից հետո, երբ գրանցվել էր վարակի 771 դեպք։

Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, որից 7-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1039 դեպք կա, այլ պատճառով՝ 311։

Ապաքինվել է ևս 395 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 46,713 է, փաստացի բուժվողներինը՝ 10,561։

Մեկ օրում թեստավորվել է 2877 մարդ։ Ընդհանուր առմամբ, 332,154 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։