Ռուսաստանը համաձայն չէ Ղարաբաղի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Sputnik Armenia-ն։
«Մենք համաձայն չենք Թուրքիայի հնչեցրած դիրքորոշման հետ, և որը նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է մի քանի անգամ: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա. մենք չենք կարող կիսել այն պնդումները, որ հակամարտությունը ռազմական լուծում ունի: Մոսկվան պաշտպանում է այն տեսակետը, որ Ղարաբաղում հնարավոր է միայն հակամարտության խաղաղ կարգավորում», - ասել է Լավրովը:
Նա ցավով նշել է, որ Թուրքիան այնպիսի դիրքորոշում ունի, որ աջակցում է Ադրբեջանի ցանկացած որոշման՝ այդ թվում ռազմական։
Լավրովը նաև հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ-ն կապի մեջ է թուրք դիվանագետների ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Նրա խոսքով՝ ՌԴ-ում համոզված են, որ ԼՂ հարցի խաղաղ լուծումը ոչ միայն հնարավոր է, այլ հակամարտության լուծման միակ տարբերակն է։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։