14 հոկտեմբերի 2020 - 16:00 AMT
ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը

ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը և նախազգուշացրել, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ, որոնց ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը։

ԱԳՆ հայտարարության մեջ նաև ասվում է, որ ադրբեջանական կողմի բոլոր գործողություններն արժանանալու են համարժեք պատասխանի՝ ՀՀ ԶՈւ տրամադրության տակ եղած միջոցներով:

«ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը մերկապարանոց ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան «պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտոգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։