14 հոկտեմբերի 2020 - 16:40 AMT
Քարնեգիի գիտաշխատողը՝ Պոմպեոյին․ Թվիթով ԼՂ մարտերը չեն կանգնի

Թվիթով քաղաքականությունը չի կանգնեցնում Ղարաբաղյան հակամարտությունը։ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, եթե չի այցելում տարածաշրջան և կողմերին բանակցությունների չի կանչում, պետք է առնվազն լինի հեռախոսային կապի մեջ նրանց հետ: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Քարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին` անդրադառնալով ԼՂ կողմերին հրադադարը չխախտելու կոչով Պոմպեոյի գրառմանը։

Պետքարտուղարն ԱՄՆ-ի անունից կոչ էր արել Հայաստանին և Ադրբեջանին կատարել հրադադարի շուրջ իրենց պարտավորվածությունները և չհասցնել հարվածներ քաղաքացիական շրջաններին, ինչպիսիք են՝ Ստեփանակերտը և Գյանջան։

«Մենք ցավում ենք մարդկային զոհերի համար և հայտնում ենք մեր հավատարմությունը խաղաղ կարգավորմանը»,- գրել էր նա։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվել է։