19 փետրվարի 2009 - 15:06 AMT
Հայաստանի Հյուսիսային համալսարանում բացվել է «Վերնատուն» թումանյանագիտական ուսումնական կենտրոնը
Փետրվարի 19-ին Հայաստանի Հյուսիսային համալսարանում կայացել է «Թումանյանը եւ XXI դարը» կոնֆերենցիան: Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի 140-ամյակի տոնման առիթով Հյուսիսային համալսարանի ղեկավարությունը եւ «Լոռվա ձոր» հասարական կազմակերպությունը կոնֆերենցիա են անցկացրել Հյուսիսային եւ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանների, ԵՊՀ-ի, Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորների մասնակցությամբ:

Կոնֆերենցիայի շրջանակներում Հյուսիսային համալսարանում կայացել է «Վերնատուն» թումանյանագիտական ուսումնական կենտրոնի բացումը, որը, Հյուսիսային համալսարանի ռեկտորի խոսքով, առավելագույնս նպաստելու է Թումանյանի հանճարի խորը ուսումնասիրությանը:

Փետրվարի 20-ին համալսարանի ղեկավարությունը ուղեւորություն կկազմակերպի Թումանյանի հայրենի Դսեղ գյուղ, որտեղ կկայանա պսակ դնելու արարողությունը այն գերեզմանին, որտեղ թաղված է գրողի սիրտը, ինչպես նաեւ հիշատակի խոսքեր կհնչեն Հովհաննես Թումանյանի պատվին:

Հովհաննես Թումանյանի հայրենի գյուղում թաղված է միայն գրողի սիրտը, որը երկար տարիներ պահվել է Հ.Թումանյանի տուն-թանգարանում, գրողն ինքը թաղված է Թբիլիսիում: